Մայիսի 18-ին Արգենտինական մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ արգենտինացի նշանավոր գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարիտիրոսյանը, գրքի հայերեն թարգմանության հեղինակ Ալիս Տեր-Ղևոնդյանը, ինչպես նաև գրականագետներ, գրողներ, ակադեմիկոսներ և տեղի մշակութային ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Գրքի թարգմանությունն իրականացվել է Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության “Programa Sur” ծրագրի շրջանակներում, որի գործունեությունն ուղղված է աշխարհում արգենտինական գրականության ու մտքի ճանաչողության և տարածման խթանմանը:
Ինչպես նշեց դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, արգենտինական գրական ստեղծագործությունների թարգմանությունը կօգնի հայ ընթերցողներին ավելի խորությամբ ճանաչելու արգենտինական մշակույթի ու մտածողության հարստությունն ու առանձնահատկությունները: Դեսպանը նաև հավելեց. ««Ցատկաղախը» փորձարարական վեպ է, որն իր խաղերով, իր ազատ ստեղծարարությամբ ու լեզվով իրական հեղափոխություն կատարեց գրական աշխարհում` ուրվագծելով ժամանակակից վեպի նոր սահմանները»: