Դեկտեմբերի 17-ին Արգենտինայի դեսպանատանը կայացավ Արմավիրի մարզում փորձացուցադրական դաշտի հիմնման վերաբերյալ տեխնիկական համագործակցության նախագծի մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, որին ներկա էին ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և «Հայաստանի հողեր» ընկերության ագրոնոմ-ինժեներ Գաբրիել Մեղրունին: Վերջիններիս միջև էլ ստորագրվեց փաստաթուղթը:
Այս համաձայնագրով տրվեց Հարավ-Հարավ և Եռակողմ համագործակցության արգենտինական հիմնադրամի և ՀԲԸՄ Հարավային Ամերիկայի կողմից իրականացվող նախագծի պաշտոնական մեկնարկը, որի գլխավոր նպատակն է գյուղատնտեսական այլընտրանքային մեթոդների ու տեխնոլոգիաների ցուցադրումը, ինչը կօգնի տեղական գյուղատնտեսներին բարձրացնել արտադրողականության արդյունավետությունը, ինչպես նաև կնպաստի գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների ու համալսարանական համայնքի` մանսավորապես Ագրարային համալսարանի զարգացմանը:
Դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանը նշեց, որ այս նախագծի ամրապնդումը պայմանավորված է քաղաքացիական հասարակության երկու կարևոր հաստատությունների մասնակցությամբ, որոնցից մեկը «Հայաստանի հողեր» ընկերությունն է, որը ներդրումներ է կատարում այստեղ, իսկ մյուսը սփյուռքի կառույց է, որն իր ամուր ներկայությունն ունի թե՛ Արգենտինայում, թե՛ Հայաստանում:
Ներկաները նաև ընդգծեցին արգենտինական INTA-ի և դրա տեխնիկական աշխատակիցների, ինչպես նաև նախկին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի դերկատարությունն այս նախագծի խթանման գործում: