Սեպտեմբերի 4-ին Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը 721/2020 հրամանագրով հաստատեց պետական սեկտորում տրանսվեստիտ, տրանսսեքսուալ և տրանսգենդեր անձանց համար աշխատանքային քվոտայի սահմանումը, որի միջոցով երաշխավորվում է, որ նշված սեկտորի աշխատակազմերի պաշտոնների ոչ պակաս քան 1% տեղերը պետք է տրամադրվի վերոհիշյալ անձանց, եթե նրանք համապատասխանում են տվյալ աշխատանքի համար պահանջվող պայմաններին՝ գործող պայմանագրային որևէ եղանակով:
Այս միջոցը համահունչ է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ պետության ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր համակարգի, Մարդու իրավունքների միջամերիկյան համակարգի, նաև ԼԳԲՏԻ համայնքին ամեն տեսակի խտրականությունից պաշտպանող և նրանց իրավունքների լիարժեք իրացումը երաշխավորող վերահսկիչ մարմինների ու իրավական կառույցների առաջարկություններին ու հայտարարություններին:
Սա նաև մի նախաձեռնություն է, որը նպատակ ունի փոխակերպել անհավասարության կառուցվածքային մոդելը՝ պայքարելով տրանսսեքսուալների և տրանսգենդերների մեկուսացման դեմ, որոնք, չնայած կարգավորիչ նշանակալի առաջընթացներին, ինչպիսիք են «Գենդերային ինքնության մասին» օրենքը, շարունակում են դժվարություններ ունենալ առողջության, կրթության, պատշաճ բնակության, արդար և բավարար աշխատանքային պայմանների, ինչպես նաև գործազրկությունից պաշտպանվելու իրենց իրավունքների արդյունավետ և առանց խտրականության իրականացման հարցում:
Կանանց, գենդերի և բազմազանության նախարարությունը պետք է վերապատրաստի Ազգային գործադիր իշխանության ղեկավար մարմիններին և աշխատակազմին` այդպիսով ապահովելով, որպեսզի պետական սեկտորի աշխատատեղերում ընդգրկումն իրականացվի գենդերային ինքնության և այդ ինքնության ազատ արտահայտման պայմաններում՝ միաժամանակ ստեղծելով պետական սեկտորում աշխատելու ցանկություն ունեցող տրանսվեստիտ, տրնասսեքսուալ և տրանսգենդեր անձանց ռեգիստր և Միջնախարարական համակարգման մարմին՝ գործընթացի իրականացման և վերահսկման համար:
Տրանսգենդեր և տրանսվեստիտ անձանց համար պետական սեկտորում աշխատանքային քվոտա սահմանելու միջոցով Արգենտինան կրկին դիրքավորվում է ԼԳԲՏԻ համայնքի իրավունքների ընդլայնման և պաշտպանության առաջնագծում՝ խթանելով այն անձանց հավասարությունն ու արժանապատվության իրավունքը, որոնք գտնվում են առավել բարձր խոցելի իրավիճակում՝ այդպիսով կառուցելով խտրականությունից զերծ և ավելի արդար հասարակություն:

