2020 թվականի նոյեմբերի 6-ին լրանում է Մալվինյան կղզիներում առաջին անգամ Արգենտինայի դրոշի բարձրացման 200-ամյակը:
Անկախությունից ի վեր՝ 1810 թվականից, Արգենտինան շարունակում էր իր իրավասությունն իրականացնել Իսպանիայի կողմից մինչև այդ պահը կառավարվող հսկայական տարածքում, ներառյալ Մալվինյան կղզիները՝ կանոնակարգերի ընդունման և իրավական ու վարչական կառույցներ ձևավորելու միջոցով, այդ թվում ՝ առևտրային գործունեության զարգացման խթանման, դրա ռեսուրսների շահագործման, հողերի զիջման կարգավորման և կղզիներում բնակչության հաստատման միջոցով:
Այդ նպատակով 1820 թվականի նոյեմբերի 6-ին Արգենտինայի ռազմածովային ուժերի գնդապետ Դևիդ Ջեվեթը Ռիո դե լա Պլատայի Միացյալ նահանգների անունից հանդիսավոր կերպով ստանձնում է Մալվինյան կղզիների կառավարումը: Հանրային արարողության ժամանակ գնդապետ Ջեվեթը Պուերտո Սոլեդադում խարսխված տարբեր ազգությունների նավերի կապիտանների և անձնակազմի առջև բարձրացնում է Արգենտինայի դրոշը, արձակում 21 ատրճանակային զարկ և ընթերցում հրովարտակ, որտեղ ի թիվս այլ դրույթների՝ հայտարարվում է այն մասին, որ Բուենոս Այրեսի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել ծովային կաթնասունների անսահմանափակ որսը:
Մալվինյան կղզիներում իշխանության ստանձնումը Արգենտինայի ինքնիշխանության արդյունավետ իրականացման պաշտոնական և հանրային բնույթի դրսևորում էր, որը լայնորեն տարածվել էր Ամերիկայում և Եվրոպայում և չէր վիճարկվում Մեծ Բրիտանիայի կամ որևէ այլ օտար ուժի կողմից:
Այս իրադարձությունն Արգենտինայի նորաստեղծ պետության կողմից իրականացված գործողությունների մի մաս է, որոնք ցույց են տալիս Մալվինյան կղզիների արդյունավետ օկուպացիայի և Իսպանիայից ժառանգված ինքնիշխանության իրացման շարունակությունը, որն ավարտվում է 1829 թվականին Մալվինյան կղզիներում և Ատլանտյան օվկիանոսում Հորն հրվանդանի հարակից տարածքներում Քաղաքական և ռազմական հրամանատարության ստեղծմամբ:
Ինքնիշխանության այս արդյունավետ իրականացումն ընդհատվում է 1833 թվականի հունվարի 3-ին, երբ Միացյալ Թագավորությունը բռնազավթում է կղզիները՝ վտարելով Արգենտինայի օրինական իշխանություններին և այնտեղ բնակվող բնակչությանը՝ խախտելով մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Ուժի այս ակտը Արգենտինայի Կառավարության կողմից անմիջապես և մշտապես բողոքարկվել է և այդ ժամանակից ի վեր երբևիցե չի ընդունվել Արգենտինայի ոչ մի Կառավարության կողմից, ինչի հետևանքով մինչ այսօր կղզիները Միացյալ Թագավորության հետ ինքնիշխանության վեճի առարկա են, որն ամրագրված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2065 (XX) բանաձևում:
Ի լրումն վերոնշյալի՝ 1966-ից սկսած և 16 տարի շարունակ երկու երկրներն էլ բանակցություններ են վարել ինքնիշխանության վեճի լուծմանը հասնելու համար: Չնայած Արգենտինայից անթիվ հրավերներին և ՄԱԿ-ի հորդորին՝ Միացյալ Թագավորությունը համակարգված հրաժարվում է վերսկսել ինքնիշխանության հարցի շուրջ բանակցությունները:
Երկկողմ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտությունը վերահաստատվել է ՄԱԿ-ի 10 բանաձևերում և ՄԱԿ-ի Ապագաղութացման հատուկ կոմիտեի 38 բանաձևերում, ինչպես նաև միջազգային հանրության կողմից` բազմակողմ ֆորումների մի շարք հայտարարություններում, ինչպիսիք են` Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, 77-ի և Չինաստանի խումբը, Իբերո-ամերիկյան գագաթնաժողովները, Լատինական Ամերիկայի և Կարիբյան պետությունների համայնքը, MERCOSUR-ը, MERCOSUR-ի խորհրդարանը, Աֆրիկա-Հարավային Ամերիկա գագաթնաժողովը, Հարավային Ամերիկա -Արաբական երկրներ գագաթնաժողովը:
Մեր ինքնիշխանության լիարժեք կիրառումը Մալվինյան, Հարավային Ջորջիայի, Հարավային Սանդվիչյան կղզիների և հարակից ծովային տարածքների նկատմամբ ՝ հարգելով նրա բնակիչների կենսակերպը և ելնելով միջազգային իրավունքի նորմերից՝ հանդիսանում է բոլոր արգենտինացիների մշտական և անքակտելի նպատակը, ինչպես սահմանված է մեր Ազգային Սահմանադրության առաջին անցումային կետում:
Մալվինյան կղզիների իշխանության ստանձնման 200-ամյակի առթիվ՝ Արգենտինայի Հանրապետությունը կրկին վերահաստատում է Մալվինյան, Հարավային Ջորջիայի, Հարավային Սանդվիչյան կղզիների և հարակից ծովային տարածքների նկատմամբ իր ինքնիշխան իրավունքները, ինչպես նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում Միացյալ Թագավորության հետ ինքնիշխանության հարցի շուրջ բանակցություններ վերսկսելու պատրաստակամությունը՝ այս անախրոն գաղութային իրավիճակին վերջնական լուծում տալու համար: