Մայիսի 13-ին Արգենտինայի Հանրապետության դեսպան Մարիանո Վերգարան և նրա աշխատանքային խումբը հանդիպում ունեցան ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ, որին ներկա էին նաև Պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը և Միջազգային համագործակցության վարչության ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյանը:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական կապերի խորացման և ամրապնդման հնարավորությունները: Այս առումով հատուկ կարևորվեց տնտեսական ոլորտի համագործակցությունը խթանող հնարավորությունների ստեղծումը, որը նոր ազդակ կհաղորդի ներդրումներին և երկու երկրների մասնավոր սեկտորների և ընկերությունների միջև կապերին:
Դեսպան Մարիանո Վերգարան, մասնավորապես, ընդգծեց, որ Արգենտինայի և Հայաստանի միջև կա մեծ ներուժ երկու երկրների գործարար համայնքների միջև կապերը ակտիվացնելու համար և նշեց մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում տնտեսական գործունեության ամրապնդմանը:


