Այսօր Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային և նրա թիմին ընդունեց ՀՀ Ազգային ժողովի Արգենտինա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Զրուցակիցներն արժևորեցին երկկողմ հարաբերությունների գերազանց վիճակն ու երկու երկրների կառավարությունների միջև փոխըմբռնման ու համագործակցության բարձր մակարդակը, և այս առումով ընդգծեցին տարբեր ոլորտներում համագործակցության շարունակականության կարևորությունը՝ այդ թվում օգտագործելով նաև Արգենտինայի հայկական համայնքի մեծ ներուժը:
Երկու պաշտոնյաներն էլ կարևորեցին խորհրդարանական դիվանագիտության արդիականությունը՝ որպես երկկողմ օրակարգի զարգացման և տարբեր միջազգային հարթակներում համագործակցության արդյունավետ մեխանիզմ։
Երկխոսության ընթացքում անդրադարձ եղավ նաև առևտրային հարաբերություններին և այս համատեքստում դեսպան Վերգարան ներկայացրեց Հայաստանում արգենտինական առևտրային պալատ ստեղծելու Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությունը, որը նոր ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին և կծառայի որպես գործարար միջավայրի զարգացման և նոր ներդրումների խթանման արդյունավետ գործիք: Մարիանո Վերգարան խոսեց նաև Արմավիրի մարզում արգենտինական փորձարարական դաշտի մասին՝ ընդգծելով, որ այս նախագիծը լավ օրինակ կլինի Արգենտինայի գյուղատնտեսական տեխնոլոգիաների և հարուստ ավանդույթների ներդրման համար, որոնք կծառայեն ի շահ տեղի գյուղատնտեսների։
Դեսպան Վերգարան անդրադարձավ նաև Մալվինյան կղզիների հարցի կարևորությանը` ներկայացնելով Արգենտինայի դիրքորոշումը և վերահաստատելով Մալվինյան կղզիները դիվանագիտական բանակցությունների միջոցով վերականգնելու անսասան վճռականությունը: