Մարտի 23-ին դեսպան Մարիանո Վերգարան ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վեյգանդի հետ միասին այցելեց ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաք, որտեղ շրջեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Բուենոս Այրեսի Համահայկական հիմանդրամի միջև համագործակցության ծրագրի շրջանակներում վերանորոգված կրթական և երիտասարդական կենտրոններում։
Դեսպանը մասնակցեց թիվ 5 մանկապարտեզի բացմանը, որն իրականացված վերանորոգման աշխատանքների շնորհիվ ընդլայնել է իր կարողությունները՝ հնարավորություն տալով ավելի քան 150 երեխայի նախադպրոցական կրթություն ստանալ։ Մոտ 5 ամիս տևած աշխատանքներից հետո մանկապարտեզն արդեն ունի նոր ներքին հարդարում, նոր դռներ, պատուհաններ և հատակ, էլեկտրամատակարարման և ջրամատակարարման վերանորոգված ցանց:
Դեսպան Վերգարան շրջեց նաև Գորիսի թիվ 2 դպրոցում, որն արգենտինացի բարերարների աջակցությամբ համալրվել է դպրոցական նոր կահույքով։ Դպրոցն ունի գրեթե 400 աշակերտ, որոնցից 50-ը տեղահանված են Լեռնային Ղարաբաղից (32 աշակերտ եկել է 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, 12-ը՝ 2022-ի սեպտեմբերի հարձակումներից հետո)։ Դպրոցը կահավորված է նաև հատուկ դասասենյակով, որտեղ կրթություն են ստանում հաշմանդամություն ունեցող 18 աշակերտներ:
Այցի շրջանակներում կայացավ հանդիպում նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, ով ներկայացրեց համայնքի կենցաղային պայմանները և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Քննարկվեց է նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի հումանիտար իրավիճակը կայունացնելու նպատակով:
Հարկ է նշել, որ «Համահայկական հիմնադրամի» և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության շրջանակներում՝ ուղղված ի շահ հայ երեխաների և դեռահասների, ձեռնարկվել են համայնքային երիտասարդական տան ստեղծման աշխատանքները, որը կգործի որպես տեղի դեռահասների և երիտասարդների, ներառյալ հաշմանդամություն ունեցող և խոցելի խմբերից, համար նախատեսված խնամքի ու ժամանցի կենտրոն:
Մեր դեսպանությունն այս կերպ իր աջակցությունն է ցուցաբերում մեր երկրում հայկական համայնքի ջանքերին, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով նպաստել է Հայաստանի այս խոցելի մարզի բնակիչների կյանքի որակի բարելավմանը:


