«Պրոգրամա Սուր» թարգմանությունների աջակցության ծրագրի շրջանակներում այս տարի ևս Արգենտինայի դեսպանությունը մի շարք հանդիպումներ ունեցավ ծրագրին ինչպես արդեն քաջատեղյակ այնպես էլ ծրագրով հետաքրքրվող թարգմանիչների և Հրատարակչությունների ներկայացուցիչների հետ: Բոլոր հանդիպումները կառուցողական էին և ի նպաստ՝ Հայաստանում ծրագրի հետագա խթանմանն ու տարածմանը:
Հանդիպումների շրջանակում ի հայտ եկան հրատարակիչների և թարգմանիչների հետ համատեղ մշակելու մի շարք գաղափարներ և առաջարկներ, որոնց թվում էր «Խորհրդատվական կոմիտեի» ստեղծումը՝ թարգմանված ստեղծագործությունների թարգմանիչներին աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու հնարավորության ընձեռումը։
Ժողովի ընթացքում Վերնատուն հրատարակչության տնօրենը տեղեկացրեց, որ այս տարի ծրագրի շրջանակներում հայ ընթերցողը կկարողանա ընթերցել արգենտինական գրականության գլուխգործոցներից ևս մեկ ստեղծագործություն՝ Խորխե Լուիս Բորխեսի և Ադոլֆո Բիոյ Կասարեսի հեղինակած «Վեց խնդիր Իսիդրո Պարոդիի համար» պատմվածքների ժողովածուն:

