Մարտի 30-ին ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան FIDEC Հայաստանի բժշկական տնօրեն Պաբլո Էլմասյանի և նրա թիմի հետ միասին այցելեց Հայաստանի հյուսիսում գտնվող Աշոցք բնակավայրի «Redemptoris Mater» կաթոլիկ հիվանդանոց:
Հիվանդանոցը, որը նվիրաբերվել է Կարիտաս Իտալիայի կողմից, ղեկավարում է Հայր Մարիո Կուկարոլոն, ով 30 տարի շարունակ ղեկավարել է երկրի ողջ հյուսիսային շրջանի համար կենսականորեն անհրաժեշտ բժշկական և հիվանդանոցային ծառայություններ մատուցող այս բուժկենտրոնի աշխատանքը: Արգենտինահայ համայնքի նշանավոր բարեգործները այս հիվանդանոցը համալրել են կարևոր նվիրատվություններով, ինչպիսիք են ախտորոշիչ պատկերային սարքավորումները, բժշկական սարքավորումները, համակարգիչները, արևային էներգիայի վահանակները, թթվածնի կոմպրեսորները և այլն: Արգենտինահայ համայնքի նվիրատվությունները զգալիորեն նպաստել են այս հիվանդանոցի գործարկմանը, որը կենսական և մարդասիրական աշխատանք է իրականացնում ողջ տարածաշրջանի համար՝ ընդունելով նաև Վրաստանից ժամանող բուժառուներին:
FIDEC-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է արգենտինացի վարակաբան դոկտոր Դանիել Ստամբուլյանի կողմից, որի, ինչպես նաև արգենտինահայ համայնքի աշխատանքը, արժանի է ամենաբարձր գնահատանքի: