Այսօր դեսպան Մարիանո Վերգարան և նրա աշխատանքային թիմը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի, «Հայաստանի հողեր» ընկերության ներկայացուցիչների և Արգենտինական առևտրային պալատի ապագա անդամների ուղեկցությամբ այցելեցին Արմավիրի մարզում գտնվող արգենտինական փորձարարական դաշտ:
Այս ծրագրի նպատակն է նպաստել հայ գյուղատնտեսների արտադրողական կարողությունների զարգացմանը՝ ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ։
Փորձարարական այս դաշտի ստեղծումը նախաձեռնվել է Արգենտինայի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Արգենտինայի արտգործ նախարարության համատեղ նախագծի շրջանակներում՝ «Հայաստանի հողեր» ընկերության խորհրդատվական աջակցությամբ և Հայաստանում Արգենտինայի դեսպանության համակարգմամբ:
Այցելուներն ուսումնասիրեցին դաշտում իրականացված վերջին թարմացումները, ինչպիսիք են ոռոգման համակարգի և հակակարկտային պաշտպանության համակարգերի տեղադրումը, որոնք զգալիորեն կարագացնեն այս դաշտում գալիք տարում նախատեսվող ցանքի աշխատանքները։
Դաշտում շրջայցից հետո դեսպան Վերգարան այցելեց նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ Ոսկեհատում գտնվող գինեգործության ուսումնագիտական կենտրոն: