Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան և նրա աշխատանքային թիմն այցելեցին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ նրանց ընդունեց կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանը։
Այցի նպատակը Արգենտինայում առաջին Թումո կենտրոնի ստեղծմանն աջակցելն էր:
Հանդիպման ընթացքում Փափազեանը հակիրճ ներկայացրեց ԹՈՒՄՈ-ի մասին՝ նշելով, որ այն դեռահասների համար անվճար կրթական ծրագիր է՝ բաղկացած ինքնուսուցողական աշխատանքներից՝ 14 հիմնական ոլորտներում, այդ թվում՝ անիմացիա, ռոբոտաշինություն, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, կայքերի մշակում, լուսանկարչություն, երաժշտություն և այլն:
Դեսպան Վերգարան, իր հերթին, բարձր գնահատեց այս կենտրոնի դերը երիտասարդ սերունդներին տեխնոլոգիային ավելի մոտեցնելու գործում, որն այսպես կոչված «գիտելիքի տնտեսությամբ» նշանավորվող այս դարաշրջանում իրական և արդյունավետ գործիք է հավասարության և սոցիալական ներառման համար: ԹՈՒՄՈ-ի գործադիր տնօրենն էլ իր հերթին ընդգծեց, որ ծրագիրը մի քանի տարվա ընթացքում ձեռք է բերել միջազգային հեղինակություն, և ԹՈՒՄՈ կենտրոններ են բացվել աշխարհի տարբեր մայրաքաղաքներում:
Այցի ընթացքում քննարկվեցին Արգենտինայում ԹՈՒՄՈ կենտրոնի ստեղծման հեռանկարները, և այս համատեքստում ընդգծվեց, որ կենտրոնը մեծ ներուժ կունենա Արգենտինայում կրթական արդյունավետ հենարան դառնալու և արգենտինացի դեռահասների ունակություններն ու ուսումնառությունը էապես հարստացնելու գործում՝ հատկապես հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիական և նորարարական վերափոխումների բարդ գործընթացները:


