Անցյալ ուրբաթ՝ փետրվարի 3-ին, Հայաստանում Արգենտինայի դեսպանության թիմը, բժիշկ Դանիել Ստամբուլյանի «Ֆայդեք Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին, այցելեց Տավուշի մարզի Խաչարձան և Դիտավան համայնքներ:
Այցի հիմնական նպատակն էր ներկայացնել մեր դեսպանատան մշակած երկու նախագծերը և դրանք փոխանցել նշված գյուղերի բնակիչներին՝ լսելով նրանց կարծիքներն ու դիտարկելով վերջիններիս կողմից նախագծերին մասնակցելու հետաքրքրվածությունը։ Այս նախագծերը միտված են խթանելու համագործակցության այն կարևոր աշխատանքները, որոնք իրականացվում են հայկական ծագում ունեցող արգենտինացի բարերարների կողմից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տավուշի մարզը շատ հարմար է մեղվամթերքի արտադրության համար՝ արգենտինական համայնքի բարերարները մի քանի տարի առաջ շուրջ 80 մեղվափեթակ նվիրաբերեցին Խաչարձան գյուղի բնակիչներին։ Անկասկած, նման օգնությունը էապես փոխել է բնակիչների կյանքը՝ ապահովելով նրանց համար տնտեսական նոր գործունեություն, որը նաև աշխատանքի հնարավորություն էր տեղի բնակիչների համար:
Առաջին նախագիծը, որն անվանել ենք «Եվս մեկ քայլ առաջ. մեղվաբուծությունից մինչև մեղվաթերապիա», նպատակ ունի խթանելու Խաչարձան գյուղը որպես զբոսաշրջային ուղղություն, որտեղ այցելուները հնարավորություն կունենան հանգստանալ՝ օգտվելով մեղուների ապահոված առողջարար ծառայություններից, այն է՝ թերապիա, մեղրով լոգանքներ, էսթետիկա և այլն։
Ժամանակակից զբոսաշրջությունն օրեցօր գրավում է զբոսաշրջիկների լայն շրջանակ՝ առաջարկելով նրանց էկոտուրիզմի նոր փաթեթներ, ուստի Խաչարձանի՝ մեղվաբուծության կենտրոն դառնալու դեպքում այն զբոսաշրջային նոր հոսքեր կբերի մարզ՝ հնարավորություն տալով գյուղում զարգացնել ագրոտուրիզմը և խթանել ներառական բիզնեսը՝ ի շահ տեղաբնակների:
Նախագծերից երկրորդը նպատակ ունի իրականացնել իսպաներենի ուսուցում նշված համայնքներում: Տարիներ շարունակ արգենտինացիների՝ ինչպես Խաչարձանում, այնպես էլ Դիտավանում իրականացվող բարեգործական աշխատանքները նպատակ են ունեցել ոչ միայն բարելավելու գյուղերի ենթակառուցվածքները, ինչի մասին են վկայում խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, մի շարք ժամանակակից հաստատությունների առկայությունը, այլ նաև գյուղի ուսանողների համար բարձրագույն համալսարանական կրթություն ստանալու հնարավորության ապահովումը: Դեռ մեր նախորդ այցելությունների ժամանակ բազմաթիվ պատմություններ լսեցինք այն մասին, թե ինչպես են Խաչարձան և Դիտավան գյուղերի ուսանողները ստացել և շարունակում են ստանալ կրթաթոշակներ՝ Հայաստանի բուհերում ուսումը շարունակելու համար:
Խաչարձան և Դիտավան գյուղերի շրջանավարտներն ընտրել են բուհական տարբեր մասնագիտություններ՝ պետական կառավարում, մարքեթինգ, քաղաքագիտություն և այլն։ Ըստ այդմ՝ տեղին կլինի նրանց հնարավորություն տալ սովորելու նաև իսպաներեն լեզուն, որը, բացի նոր մշակույթների դռները բացելուց, կարող է նաև գործնական մեծ կիրառություն ունենալ: Բայց միայն սա չէ, իսպաներենի ուսուցումը կապելու է այս փոքր գյուղերի բնակիչներին աշխարհի և, մասնավորապես, արգենտինական համայնքների հետ՝ էլ ավելի ամրապնդելով արգենտինական ներկայությունը նրանց կյանքում:
Երկու գյուղերում էլ զբոսաշրջությունը գնալով ավելի ակնառու է դառնում: Ժամանակակից տուրիզմը, ինչպիսին են օրինակ էկոտուրիզմն ու ագրոտուրիմզը՝ իրենց արդի դրսևորումներով, կարող է նոր հնարավորություններ ստեղծել մարզի երիտասարդների համար՝ հիմք հանդիսանալով վերջիններիս կողմից իրենց իսկ ծննդավայրում, այլ ոչ Երևանում կամ երկրից դուրս նոր բիզնեսների ստեղծման համար: