Հոկտեմբերի 8-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Մարոյի գաղտնիքը» արգենտինական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի ռեժիսորն է Ալեխանդրո Մանյոնեն, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Նորմա Ալեանդրոն:
Այս ֆիլմում, արգենտինական կինոյի պատմության ամենանշանավոր դերասանուհիներից մեկը մարմնավորում է իննսունամյա խոհարարուհու՝ Հայոց ցեղասպանությունից փրկված Մարոյին, ով մանկության տարիներին Արգենտինա ժամանելուն պես կորցրել է իր հարազատների հետ կապը: Որքան էլ նրա հիշողությունները թարմ են, Մարոն իրեն արտասվել թույլ չի տալիս:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ֆիլմը ներկայացնելիս Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան ընդգծեց. «Այս հուզիչ ֆիլմը պատմում է մեզ հայկական, բայց արգենտինական աչքերով տեսած ողբերգության մասին, որն ի վերջո ավարտվում է մի պատմության պատկերմամբ, որն ընդհանուր է բոլորի համար: Արգենտինացի ռեժիսոր Ալեխանդրո Մանյոնեի, հիասքանչ դերասանուհի Նորմա Ալեանդրոյի և մնացած դերասանական կազմի արվեստը մեզ թույլ է տալիս պարզորեն և նույնիսկ քնքշությամբ վայելել Բուենոս Այրեսի թաղամասերից մեկի ակումբի մարդկանց կյանքի վայրիվերումները, որոնք մեզ պատմում են մի փոքր և հեռավոր ժողովրդի ապրած պատմության ցավալի էջի մասին՝ գրեթե առանց գիտակցելու ստիպելով մեզ վերաիմաստավորել մեր զգացմունքների, մեր սիրո, ի վերջո, մեր իսկ մարդկայնության խորը իմաստը»:


