Սեպտեմբերի 29-ին Երևանի «Congress» հյուրանոցում կայացավ Հայաստանում Արգենտինական առևտրային պալատի առաջխաղացման միջոցառում, որին ներկա էին ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, գործարարներ, մշակույթի և մամուլի գործիչներ:
Միջոցառման ընթացքում ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Մարիանո Վերգարան ներկայացրեց Հայաստանում արգենտինական առևտրային պալատ ստեղծելու դեսպանության նախաձեռնությունը, որը նպատակ ունի ծառայելու ոչ միայն որպես երկու երկրների գործարար շրջանակների միջև կամուրջ, այլև՝ որպես փոքր և միջին ձեռնարկատերերի նախաձեռնությունները խրախուսելու և երկու երկրների երիտասարդ մասնագետներին ներգրավելու գործիք, ինչը լրացուցիչ միջոց կդառնա երկկողմ առևտրային համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու և մեր երկու ժողովուրդների միջև արդեն իսկ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու համար:
Միջոցառումն ուղեկցվեց արգենտինական տանգոյի գունագեղ ներկայացմամբ՝ արգենտինացի պարող Պաբլո Մարտինեսի և Իրինա Բասլիկի մասնակցությամբ, ինչպես նաև օպերայի սիմֆոնիկ նվագախմբի լարային կվարտետի երաժշտության ուղեկցությամբ:
Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու արգենտինացի հանրահայտ լուսանկարիչ Գիյերմո Դորֆմանի արվեստին:
Միջոցառումը, որը հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների և արգենտինական մշակույթի վառ դրսևորումն էր, հնարավորություն տվեց ներկաներին զգալ Բուենոս Այրեսի շունչը Երևանում՝ վայելելով արգենտինական մշակույթը, խոհանոցը և արվեստը:




