Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը սեպտեմբերի 20-ին կազմակերպեց տեսակոնֆերանս Արգենտինայում բնակվող հայ և արգենտինացի մասնագետների, արտաքին առևտրի օպերատորների և գործարարների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց Արգենտինական առևտրային պալատ ստեղծելու Դեսպանության նախաձեռնությունը, որի շրջանակներում քննարկվեցին ոլորտային նախագծեր` դեսպանատան կողմից մշակված առևտրային տնտեսական հաշվետվությունների, ինչպես նաև մասնակիցներից յուրաքանչյուրի կողմից ներկայացված երկկողմ արտաքին առևտրի վերաբերյալ նախաձեռնությունների հիման վրա:
Տեսակոնֆերանսին մասնակցում էին նաև Արգենտինայի հայկական առևտրի պալատի նախագահ Հովհաննես Բոգյաթյանը և փոխնախագահ Միքայել Հարությունյանը:
Վիրտուալ հանդիպման մասնակիցներն անդրադարձան Արգենտինայի և Հայաստանի կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման գործարար հնարավորություններին, ինչպես նաև նախագծեցին համագործակցության հնարավոր ոլորտները՝ ընդգծելով դեղագործական արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ձկնորսության և այլ որորտներ:
Դեսպան Մարիանո Վերգարան ներկայացրեց ապագա պալատի հիմնական նպատակներն ու առավելությունները՝ ընդգծելով, որ այս նոր բիզնես հարթակը իր անդամներին կառաջարկի կարևոր բիզնես հնարավորություններ և առևտրային խթանման գործիքներ՝ դրանով իսկ խթանելով բիզնեսի զարգացումը և ստեղծելով նոր ներդրումների և առևտրային հոսքերի համար «բարենպաստ միջավայր»:


