|
REGRESAR

Արգենտինայի և Հայաստանի միջև տեխնիկական համագործակցության գյուղատնտեսական չորրորդ առաքելության մեկնարկ

Այս շաբաթ Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի՝ INTA-ի տեխնիկների ժամանումով մեկնարկեց Արգենտինայի և Հայաստանի միջև տեխնիկական համագործակցության ծրագրի չորրորդ առաքելությունը, որը կոչվում է «Փորձացուցադրական դաշտի ստեղծման ինստիտուցիոնալ ամրապնդման» ծրագիր:

INTA-ի մասնագետները՝ գյուղատնտես ինժեներներ Կլաուդիո Գալմարինին և Լեոնարդո Սեբաստիան Տոգոն, դեսպանատան աշխատանքային թիմի ուղեկցությամբ, այս շաբաթվա ընթացքում կունենան տարբեր այցելություններ, այդ թվում՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գտնվող արգենտինական փորձարարական դաշտ՝ դիտարկելու դաշտում կատարված վերջին աշխատանքները, որի նպատակն է ցուցադրել ավանդական արտադրողականության նկատմամբ այլընտրանքային տեխնոլոգիաները:

Առաքելությունն իրականացվում է Արգենտինայի արտաքին գործերի նախարարության արգենտինական հիմնադրամի (Fo.Ar) գյուղատնտեսական համագործակցության ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը (INTA) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Առաքելությունը համակարգում է Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը: Ծրագրի զարգացմանն աջակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և արգենտինական «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը, որի ներկայացուցիչ, գյուղատնտես Մանուել Գոմեսին հատուկ երախտագիտություն ենք հայտնում կատարած աշխատանքի համար։

Տեխնիկական համագործակցության այս ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում գյուղական արտադրական ավանդույթների ամրապնդմանը, այդ թվում՝ հայ տեխնիկների վերապատրաստման, ակադեմիական գործունեության և համալսարանի միջոցով, որպեսզի նոր գործիքների և մատչելի տեխնոլոգիաների ձեռքբերմամբ՝ տեղացի փոքր ու միջին գյուղատնտեսները կարողանան էլ ավելի բարելավել իրենց տեղական արտադրությունն ու կյանքի որակը:

   

Post date: 23/08/2022