Հունվարի 26-ին Արգենտինայի ԱԳ նախարար Սանտյագո Կաֆիերոն ընդունեց Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհրդի տարածաշրջանային տնօրեն Արամ Մուրատյանին։
Զրույցի ընթացքում արգենտինական կողմն իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքում հումանիտար իրավիճակի վերաբերյալ և մատնանշել միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությունը:
Հանդիպման ընթացքում նախարարը նաև վերահաստատել է այն սկզբունքները, որոնք առաջնորդում են Արգենտինայի գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության և վեճերի խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Հանդիպմանը ներկա էին նաև Արտաքին քաղաքականության փոխքարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Ռոզենցվայգը և Հայ ազգային խորհրդի անդամ Ֆլորենսիա Զանիկյանը։