Հոկտեմբերի 20-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ արգենտինացի լուսանկարիչ, պատմաբան, լուսանկարների հավաքագրող Կառլոս Վերթանեսյանի «Մշակույթի դիմանկարներ» լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը:
Հայաստանում Արգենտինայի դեսպանատան կողմից կազմակերպված այս միջոցառմանը ներկա էին տեղի մշակույթի և մամուլի գործիչներ, իշխանությունների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագետներ և այլ հյուրեր:
Ինչպես նշել էր հենց ինքը հեղինակը՝ ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ուղերձում՝ «իմ հայացքների յուրահատկության հիմքում ընկած է այդ մշակույթը կերտողների դիմանկարների ստեղծումը` իրենց աշխատանքային միջավայրում. նրանք հին գրքերի վաճառողներ են, հնաոճ իրերի հավաքագրողներ, պլաստիկ նկարիչներ, լուսանկարիչներ, ցուցահանդեսների կազմակերպիչներ, պատմաբաններ և մտավորականներ: Այս լուսանկարների շարքը ներկայացնում է տարիներ շարունակվող մի երկխոսություն, ինչպես նաև նկարագրություն. դրանք տեսապակի են և միևնույն ժամանակ հայելի, որն արտացոլում է մշակույթի և պատկերների նկատմամբ նույն կրքի տարբեր կողմերը: Նման կերպ ես հարգանքիս տուրքն եմ ուզում մատուցել ինձ ժառանգված այս հարուստ մշակույթին՝ սփյուռքում գտնվող հայի զավակի աչքերով, որի երակներով հոսում է նախնիների թանկարժեք արյունը՝ տարածված աշխարհով մեկ ավելի քան հարյուր տարի»:
Ցուցահանդեսի բացման իր խոսքում Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան ընդգծեց ստեղծագործությունների պատմամշակութային արժեքը, որն ավելին է, քան զուտ գեղարվեստական ավանդ, որը վերահաստատում աշխարհում հայկական սփյուռքի մշտական ներդրումը և նման կերպ վերաձևավորում է Հայաստանը՝ որպես համաշխարհային ազգ:
Ցուցահանդեսը հասանելի կլինի հոկտեմբերի 20-30-ը՝ Հայաստանի պատմության թանգարանում (ներկայումս տեղակայված է Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարական տուն N2-ում, արտաքին գործերի նախարարության նախկին շենքում, որը հանդիսանում է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության սեփականությունը):


