Սեպտեմբերի 3-ին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Մարիանո Վերգարային ընդունեց Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Դեսպան Վերգարան շնորհավորեց պարոն Միրզոյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ նոր պաշտոնում:
Զրուցակիցները երկուստեք կարևորեցին Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր կապերը և իրենց շահագրգռվածությունը հայտնեցին շարունակելու երկկողմ օրակարգի զարգացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ներդրումային, առևտրային, գյուղատնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և հումանիտար հարցերում համագործակցությանը:
Դեսպան Վերգարան ընդգծեց Հայաստանի և Արգենտինայի միջև երկկողմ առևտրի ընդլայնման անհրաժեշտությունը և այս համատեքստում ներկայացրեց Հայաստանում արգենտինական առևտրային պալատ ստեղծելու դեսպանության նախաձեռնությունը, որը նպատակ կունենա աջակցելու միջին և փոքր ձեռնարկատերերին և խթանելու երկկողմ առևտրային շրջանառությունը: Դեսպան Վերգարայի խոսքով այս պալատը լինելու է կամուրջ և արդյունավետ գործիք, որը կծառայի ի շահ երկու երկրների:
ԱԳ նախարար Միրզոյանը բարձր գնահատեց այս նախաձեռնությունը և արտգործնախարարության աջակցությունը հայտնեց Արգենտինայի ապագա առևտրային պալատին՝ հույս հայտնելով, որ այս նախագիծը Արգենտինայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները կբարձրացնի նոր ավելի բարձր մակարդակի:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծեցին Արգենտինայի հայ համայնքի կարևոր դերն ու ներդրումը երկու երկրների համագործակցության զարգացման գործում:

