Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում հոկտեմբերի 28-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը տոնական մեծ միջոցառում կանցկացնի Տավուշի մարզի սահմանամերձ Խաչարձան գյուղում՝ Հայաստանի լեռներում։ Տոնակատարությունը նպատակ ունի նշանավորելու «Հայաստանի և Արգենտինայի բարեկամության 30-ամյակը», ուստի այս խորհրդանշական վայրի ընտրությունը պատահական չէ։ Ինչու՞, ե՞րբ, որտե՞ղ: Ահա´ պատասխանները...
Տարիներ առաջ հայկական ծագումով արգենտինացի չորս ընտանիքներ արգենտինացի բժիշկ Դանիել Ստամբուլյանի (ով մեկնել էր այնտեղ՝ գյուղի կանանց համար առաջին Պապ թեստերը կատարելու)նախաձեռնությամբ և Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացրեցին համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք ընդմիշտ փոխեցին տեղի բնակիչների կյանքի որակը՝ սկսած հոսող ջրի և արևային մարտկոցների տրամադրումից մինչև բժշկական կենտրոնի, մանկապարտեզի, առաջին կարգի սպորտային կենտրոնի կառուցում, դպրոցի վերանորոգում և բարեկարգում, փողոցների սալահատակի նորոգում և զանազան այլ աշխատանքներ։
Քաղաքի՝ դեպի կենտրոն տանող գլխավոր փողոցից, որն ի դեպ կրում է Արգենտինայի Հանրապետության անունը, մեր դրոշի, մեր երկրի հիշատակը հավերժացնող ցուցանակների և հուշատախտակների հետ միասին կարող եք տեսնել Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկներով հպարտ քայլող երեխաներին: Տարիների ընթացքում օգնության և համագործակցության ծրագրի շրջանակն այնքան ընդարձակ է եղել, որ Հայաստանի լեռնային այս հեռավոր գյուղի բնակչությանը հաջողվել է ստանալ տարատեսակ օգնություն՝ սկսած ծննդօգնությունից մինչև իրենց համալսարանական կրթությանն աջակցելու ծրագրերը:
Այս տարվա հոկտեմբերի 28-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը տեղական իշխանությունների, դիվանագիտական կորպուսի և Հայաստանում Արգենտինայի քաղաքացիների ուղեկցությամբ կայցելի Խաչարձան գյուղ՝ նշելու արգենտինացիների և հայերի բարեկամության 30-ամյակը։ Այս բազմաբովանդակ միջոցառումը՝ հուշատախտակի բացում, կրեոլական կիթառի համերգ հայ երիտասարդ նվագախմբի կողմից, արգենտինացի լուսանկարչուհի Արազ Հաջյանի լուսանկարների ցուցահանդես, տեղի դպրոցի սաների կողմից առաջարկված ակնարկային ներկայացում և, ամենակարևորը, տեղի բնակիչների վկայություններն այն մասին, թե ինչպես է տարիների ընթացքում արգենտինահայերի բարեգործությունը բարելավել իրենց կյանքը: Այս ամենը համեմված է լինելու էմպանադաներով, արգենտինական գինիներով և շրջանին բնորոշ ուտեստներով, ինչպիսիք են հարիսան և փախլավաները՝ որպես ֆիզիկապես միմյանցից հեռու, բայց զգացումներով միմյանց շատ մոտ երկու հասարակությունների, երկու մշակույթների միաձուլում: