Դեկտեմբերի 4-ին, դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլնգիրեանը ներկա գտնվեց Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի, արգենտինական նշանավոր մանկական Գարրահան հիվանդանոցի և FIDEC Armenia հիմնադրամի միջև համաձայանգրերի ստորագրման արարողությանը, որն իրականացվեց «Երկրորդ կարծիք» առողջապահական ծրագրի շրջանակներում:
Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը Հայաստանի մարզերում գործող միակ մասնագիտացված մանկական հիվանդանոցն է, որը նաև կլինի մարզային հիվանդանոցներից առաջինը, որը կմիանա այս ծրագրին:
Միջոցառման ընթացքում Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանն ընդգծեց «Երկրորդ կարծիք» ծրագրի ներկայության կարևորությունը մարզերում, մասնավորապես երկրի երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրիում` քաղաք, որը տեսել է ողբերգություն, բայց նաև գիտի, թե ինչ է համերաշխությունը` շեշտելով. «Շնորհակալություն ենք հայտնում բժիշկ Կառլոս Կամբուրյանին և Գարրահան հիվանդանոցի ողջ անձնակազմին, FIDEC Armenia հիմնադրամին և դրա նախագահ բժիշկ Ստամբուլյանին, Նարինե Հայրապետյանին, Գյումրու մանկական հիվանդանոցին, ինչպես նաև Կոնվերս բանկին այս ծրագիրն իրականություն դարձնելու համար»:
Հիշեցնենք, որ ծրագիրը հնարավորություն կտա հիշյալ հաստատությունների միջև ապահովել հեռահար մասնագիտական խորհրդատվություն, հատուկ դեպքերի վերլուծություն և փորձի ու տեղեկատվության փոխանակում: