|
REGRESAR

Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակներում Երևանում ընդունեցինք լուսանկարիչ, լուսանկարչության պատմագետ Կառլոս Գաբրիել Վերթանեսսյանին

Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակներում Արգենտինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Արթին Չիլինգիրյանը Երևանում ընդունեց լուսանկարիչ, լուսանկարչության պատմագետ և Լատինական Ամերիկայում դագերոտիպիայի ամենանշանավոր կոլեկցիոներներից մեկը հանդիսացող Կառլոս Գաբրիել Վերթանեսսյանին, որը 20 այլ երկրներից ժամանած հեղինակավոր լուսանկարիչների հետ միասին փառատոնի պատվավոր հյուրերից է:

Արգենտինայի Արտգործ նախարարությունը Կառլոս Վերթանեսսյանին միջազգային այս փառատոնին իր մասնակցության համար շնորհել է Մշակութային հետաքրքրվածության վկայագիր:

Այս այցի ընթացքում, Վերթանեսսյանը, Գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ միասին, հանդիպումներ ունեցավ Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի, Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, նույն թանգարանի Գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանի, ինչպես նաև Էջմիածնի թանգարանի տնօրեն, Հայր Ասողիկ Կարապետյանի հետ:

Զրուցակիցները խոսեցին համապատասխան ինստիտուտների գործունեությունից, ինչպես նաև փորձի փոխանակման ու համագործակցության հնարավորություններից: Վերթանեսսյանը Մատենադարանին և Էջմիածնի թանգարաններին նվիրեց իր «El retrato imposible» («Անհնարին դիմանկարը») գիրքը և իր տեսակի մեջ եզակի դագերոտիպի կրկնօրինակ, որը պատկերում է հայ Սերովբե Ալիշանին: Այն նաև դրամագիտության կոլեկցիոներներին հայտնի ամենահին դագերոտիպներից է:

   

Post date: 26/08/2019