Նոյեմբերի 22-ին դեսպան Մարիանո Վերգարան և իր աշխատանքային թիմը հանդիպեցին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն և նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերի, որի շրջանակներում Թաթոյանը ներկայացրեց իր հիմնադրամի կողմից իրականացվող գործունեությունը` ընդգծելով մասնավորապես երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության կարևորությունը։
Այս համատեքստում կողմերը քննարկեցին մարդու իրավունքների ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես հաշվի առնելով այս ոլորտում Արգենտինայի հարուստ փորձը և մարդու իրավունքների քաղաքականության տարբեր ասպեկտների ամրապնդման շարունակական գործընթացը։
Թաթոյանը դեսպան Վերգարային ներկայացրեց Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում կատարած վերջին ուսումնասիրությունների արդյունքները, որոնք լրջորեն տուժել են հայ-ադրբեջանական վերջին ռազմական բախումներից հետո:
Զրուցակիցները նաև խոսեցին ներկա քաղաքական իրավիճակից և տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներից։ Այս համատեքստում դեսպան Վերգարան անդրադարձավ Մալվինյան կղզիների խնդրին՝ ներկայացնելով խնդրի պատմաքաղաքական հիմքերն ու կղզիների նկատմամբ Ագենտինայի ինքնիշխանության հաստատման համար աշխարհագրական ու իրավական փաստարկները: