Մայիսի 2-ին դեսպան Մարիանո Վերգարային և նրա աշխատանքային թիմին ընդունեց ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Երկու պաշտոնյաները կարևորեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծեցին Արգենտինայում հայկական սփյուռքի կարևոր դերը, որն իր նշանակալից ներդրումն ունի երկու երկրների միջև կապերի զարգացման գործում։
Այնուհետև կողմերը քննարկեցին երկու խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխայցելությունների կարևորությունը, որոնք կարող են նոր լիցք հաղորդել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցությանը։
Դեսպան Վերգարան ներկայացրեց դեսպանատան գործունեությունը տարբեր ոլորտներում՝ մասնավորապես նշելով, որ մայիս ամիսը հարուստ է լինելու արգենտինական տանգոյին նվիրված տարբեր միջոցառումներով, որոնց մասնակցելու են տանգոյի նշանավոր երաժիշտներ և արտիստներ։ Դեսպանը նաև խոսեց Արմավիրի մարզում արգենտինական փորձարարական դաշտի մասին՝ ընդգծելով, որ այս նախագիծը կլինի Արգենտինայի տեխնոլոգիաների և գյուղատնտեսական հարուստ ավանդույթների ներդրման լավ օրինակ, որը կծառայի տեղի գյուղատնտեսներին:
Սարգիս Խանդանյանն իր հերթին բարձր գնահատեց արգենտինական ներդրումները Հայաստանում, ինչպես նաև գյուղատնտեսական և կրթական համագործակցությունն ու փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում։ Պատգամավորը նաև մանրամասն ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման եւ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման պատճառով ստեղծված իրավիճակը։