Այսօր դեսպան Մարիանո Վերգարան և իր աշխատանքային թիմը հանդիպում ունեցան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորեցին քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և համաձայնեցին, որ մեծ ներուժ կա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման, առևտրի և ներդրումների ակտիվացման և ապրանքների երկկողմ առևտրային հաշվեկշռի ընդլայնման համար:
Դեսպան Վերգարան շնորհավորեց նախարար Քերոբյանին իր թիմի մեծ աշխատանքի համար` ուղղված դժվարին այս ժամանակաշրջանում առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, որին Հայաստանն այս ամիսներին կարողացել է դիմակայել:
Արգենտինայի դեսպանն անդրադարձավ նաև առևտրի, ներդրումների, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում Դեսպանության իրականացրած նախագծերին և ծրագրերին: Այս համատեքստում նա հայտնեց Հայաստանում Արգենտինական առաջին առևտրային պալատ ստեղծելու իր նախաձեռնության մասին, որը կծառայի ոչ միայն որպես կամուրջ երկու երկրների գործարար շրջանակների միջև, այլև որպես գործիք՝ խրախուսելու փոքր ձեռնարկատերերի մուտքը շուկա, ինչպես նաև ինտեգրելու երկու երկրների երիտասարդ մասնագետներին: Այս նախագիծը կդառնա հայ-արգենտինական առևտրային համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ևս մեկ միջոց, որը կընդլայնի մեր երկու ազգերի միջև արդեն իսկ եղբայրական հարաբերությունները:
Դեսպան Վերգարան նաև կարևորեց երեկ «Enterprise Armenia»-ի և «Արգենտինական ներդրումների և միջազգային առևտրի գործակալության» միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որն էապես կուժեղացնի այս դեսպանատան նախաձեռնությունը, որի նպատակն է ապահովել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման ավելի մեծ երաշխիքներ:
Նախարար Քերոբյանն իր հերթին գնահատեց նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցել Առևտրի պալատի ստեղծմանը` շեշտելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայկական և արգենտինական ընկերությունների համագործակցության հեռանկարները: Քերոբյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ Արգենտինայի և Եվրասիական տնտեսական միության միջև հարաբերություններում:


