|
REGRESAR

Հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ

Հոկտեմբերի 24-ին դեսպան Մարիանո Վերգարան և իր թիմը հանդիպեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին։

Երկու երկրների միջև պատմական, քաղաքական և տնտեսական կապերով պայմանավորված հարաբերություններից զատ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորեցին Արգենտինայի հայ համայնքի նշանակությունն ու մշակութային դրոշմը, որ արգենտինացիներն ու հայերը տալիս են մեր առանձնահատուկ հարաբերություններին։

Այս համատեքստում դեսպան Վերգարան նշեց, որ Արգենտինայի և Հայաստանի միջև բարեկամության 30-ամյակի տոնակատարությունը կնշվի Տավուշի մարզի Խաչարձան գյուղում, հոկտեմբերի 28-ին, որի շրջանակներում կցուցադրվեն արգենտինացի լուսանկարիչ Արազ Հաջյանի լուսանկարները, կմատուցվեն արգենտինական ավանդական էմպանադաներ և գինի, հայկական հարիսա և փախլավաներ՝ կրեոլական կիթառի ակորդների ներքո՝ մի խումբ հայ երիտասարդների կատարմամբ:

Հանդիպմանը երկուստեք կարևորվեցին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան կողմից իրականացվող կրթական և մշակութային ծրագրերը, հատկապես իսպաներենի CELU քննությունը և Programa Sur թարգմանությունների աջակցության ծրագիրը, ինչպես նաև Արգենտինայի երաժշտական ​​ավանդույթները՝ մասնավորապես բանդոնեոնը Հայաստան բերելու նախագծերը։

Քննարկվեցին նաև Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» և Էջմիածնի Էօրնեկեան դպրոցները, Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանն ու Երևանի պետական համալսարանն ընդգրկող համագործակցության համաձայնագրերի առաջխաղացման հնարավորությունները, ինչպես նաև հայ և արգենտինացի երիտասարդների միջև շփումները խթանելու, ուսանողների փոխանակման համատեղ ծրագրեր մշակելու և երկու երկրներում միմյանց նվիրված մշակույթի օրեր անցկացնելու հեռանկարները:

 

Post date: 25/10/2022