|
REGRESAR

Հանդիպում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

Ապրիլի 21-ին դեսպան Մարիանո Վերգարան և իր թիմը հանդիպեցին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

Զրուցակիցները կարևորեցին Արգենտինայի և Հայաստանի պատմական բարեկամությունը, որն արտահայտվում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, բազմակողմ համագործակցությամբ և երկու երկրների միջև ինտենսիվ տնտեսական հարաբերություններով։ Դեսպանն ընդգծեց Հայաստանում Արգենտինայի դեսպանատան առանձնահատուկ կարգավիճակը, որը ներկայացնում է արգենտինական մեծ և ակտիվ համայնք, որը տարեցտարի ավելի է վերակենդանացնում իր պատմական արմատները աշխարհագրորեն իրարից այդքան հեռու տարածքներում:

Զրուցակիցները մասնավորապես ընդգծեցին Արգենտինայի հայկական սփյուռքի կարևոր դերակատարությունը երկու երկրների միջև կապերի զարգացման գործում։ Դեսպան Վերգարան կարևորեց արգենտինահայ համայնքի անշահագրգիռ և ակտիվ մասնակցությունը Հայաստանի տարբեր շրջանների զարգացման գործում՝ գյուղատնտեսական, տնտեսական, առողջապահական, մշակութային և կրթական ոլորտներում իրականացվող գործունեության միջոցով։

Քննարկվեցին նաև դեսպանության կողմից երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը։ Այս համատեքստում Մարիանո Վերգարան Գլխավոր հանձնակատարին ներկայացրեց Արգենտինական Առևտրի պալատի ստեղծման նախաձեռնությունը, որը կծառայի որպես երկու երկրների փոքր և միջին ձեռնարկատերերի նախաձեռնությունների աջակցման նոր հարթակ՝ նպատակ ունենելաով խթանել մրցակցությունը և բարելավել գործարար շրջանակների արտադրողական ներուժը:

Դեսպան Վերգարան անդրադարձավ նաև դեսպանատան կողմից իրականացվող մեկ այլ նախագծի` «Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին համաձայնագրին», որը ստորագրվելուց հետո զգալիորեն կդյուրացնի երկու երկրների քաղաքացիների ճանապարհային շարժունակությունը համապատասխան տարածքներ այցելելիս:

Post date: 22/04/2022