Փետրվարի 23-ին ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Մարիանո Վերգարան իր հավատարմագրերը հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Նախագահական նստավայրում կայացած հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ առանձազրույց դեսպան Վերգարայի և նախագահ Սարգսյանի միջև, որն իր ողջույնները հղեց Արգենտինայի կառավարությանը, շնորհավորեց դեսպանին և համոզմունք հայտնեց, որ առաջիկա տարիներին Հայաստանի և Արգենտինայի միջև կապերը կամրապնդվեն և կընդլայնվեն՝ ի շահ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների:
Զրույցի ընթացքում դեսպան Վերգարան շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց շարունակելու նպաստել երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացմանը:
Նախագահ Սարգսյանն, իր հերթին, նշեց, որ չնայած Հայաստանի և Արգենտինայի միջև աշխարհագրական հեռավորությանը՝ երկու երկրները սերտ կապեր ունեն` հիմնված բարեկամական ու եղբայրական հարաբերությունների վրա: Բացի այդ, հավելեց, որ չնայած երկու ժողովուրդների միջև տարբերություններին՝ կան նաև անհամար նմանություններ, և հույս հայտնեց, որ այս պահից սկսած այդ ընդհանրությունները կաճեն ու կամրապնդվեն:
Դեսպան Վերգարան, իր հերթին, շեշտեց Արգենտինայի հայ համայնքի կարևորությունը՝ առանձնացնելով այն նշանակալից դերը, որը համայնքը կատարում է իր երկրի հասարակության ձևավորման գործում: Նաև նշեց, որ իր առաքելության նպատակը կլինի երկու երկրների միջև կապերի ամրապնդումը ` ի շահ երկու ժողովուրդների:
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի տարբեր հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով Արգենտինայի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում` հիմնված ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա: