Հայաստանում Արգենտինայի Դեսպանությունը, տեղական հայտնի ընկերությունների հետ համատեղ, առաջին անգամ Երևանում կկազմակերպի «Արգենտինական գինու շաբաթ»` հագեցած մի շարք միջոցառումներով, որոնք տեղի կունենան սույն թվականի ապրիլի 17-23-ը:
Հրավիրում ենք վայելելու արգենտինական նշանավոր Մալբեկի եւ այլ գինիների տարատեսակները, որոնք քաղաքի լավագույն ռեստորաններում եւ գինետներում ողջ շաբաթվա ընթացքում կառաջարկվեն զգալի զեղչերով: Մասնավորապես` Congress հյուրանոցի Rafaello ռեստորանում ամբողջ շաբաթ կառաջարկվի գինիների հատուկ ճաշացանկ, իսկ ապրիլի 21-ին կկազմակերպվի «Արգենտինական ընթրիք»: Ապրիլի 22-ին էլ Այրես ռեստորանում հնարավորություն կընձեռնվի մասնակցելու «Էմպանադաների, գինու եւ տանգոյի երեկոյի»:
Բացի այդ, ապրիլի 19-ին ռեստորանների անձնակազմերի համար կանցկացվի արգենտինական գինու առանձնահատկությունների վերաբերյալ վերապատրաստում, իսկ հաջորդ օրը` ապրիլի 20-ին, Wine Academy-ի եւ ICARE-ի հետ համատեղ, ոլորտի մասնագետների համար կանցկացվի արգենտինական գինիների վերաբերյալ սեմինար:
Ներկայումս Հայաստանում կարելի է ձեռք բերել արգենտինական Fin del Mundo, Doña Paula, Cristóbal եւ Terrazas գինիները, որոնք առաջարկվում են Հայաստանի մի շարք ռեստորաններում, գինետներում եւ սուպերմարկետներում: