Նոյեմբերի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Երևանի ավագ դպրոցներում տանգոյի մրցաշար կազմակերպելու մասին:
Ըստ Արմեն Աշոտյանի` երկու երկրների միջև համագործակցությունը մեկնարկել է համամեմատաբար փոքր, բայց կոնկրետ գործողություններով: Իր հերթին, Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, նշել է, որ այս նախաձեռնությունը փոքր քայլ է մեծ համագործակցության ճանապարհին, որը թույլ կտա հայ երիտասարդներին ճանաչել Արգենտինան և նրա մշակույթը:
Հուշագրի համաձայն` կողմերը տանգոյի դասընթացներ կկազմակերպեն Երևանի ավագ դպրոցների աշակերտներից կազմված 22 զույգի համար: Արգենտինայի դեսպանությունը կտրամադրի տանգոյի դասընթացների պարուսույց բոլոր մասնակիցների համար: Մրցաշարի ժյուրին կազմված կլինի ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության ներկայացուցիչներից: Մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Առաջին մրցանակի համար սահմանված են տանգոյի անվճար դասընթացներ: Երեք հաղթող զույգերը կստանան արգենտինական հուշանվերներ, ինչպես նաև շնորհակալագրեր և նվերներ: